Рубрика: Հոդվածներ

Բույսերի դերը ներառական կրթության մեջ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում՝ Գոհար Հովհաննիսյանի հետ միասին իրականացվել է շուրջտարյա համագործակցային աշխատանք՝ բույսերի խնամքի և տնկման վերաբերյալ: Աշխատանքին մասնակցել են տարատարիք սովորողներ՝ ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները:

Առաջին հանդիպմանը սովորողները շրջեցին դպրոցում, ծանոթացան տարատեսակ բույսերի, դրանց խնամքի, տնկման աշխատանքներին: Սկզբում ԿԱՊԿՈւ սովորողները դժվարանում էին ներգրավվել ,սակայն այդ խնդիրը հաղթահարվեց, քանի որ սովորողները օգնեցին միմյանց: Սովորողները բույսերից հավաքեցին կտրոններ, որոնք լաբորատորիայում ջրի մեջ տեղադրեցին և սպասեցին, որ արմատ ունենա: Հաջորդ հանդիպմանը բույսերը տնկեցին ժամանակավոր ծաղկամաններում: Այնուհետև սովորողները պատրաստեցին գեղեցիկ տեխնոլոգիական աշխատանք, որը փակցրեցին ծաղկամաններին: Սովորողները որպես ծաղկամաններ օգտագործեցին թափոնները` ներկելով իրենց նախընտրելի պատկերներով: Աշխատանքը կրեց սովորող-սովորեցնող համագործակցային բնույթ: Սովորողները իրենց կրտսեր ընկերներին փոխանցեցին հետաքրքիր պատկերներ ստանալու հմտությունները: Տնկեցին բույսեր, խնամեցին, ջրեցին և «Ձոն» ստուգատեսին նվիրեցին մայրիկներին: Բույսերի խնամքը ստացավ շարունակական բնույթ, քանի որ աշխատանքը շարունակվեց նաև տանը`մայրիկների օգնությամբ՝ վերածվելով ընտանեկան նախագծի: Միաժամանակ տրվել է խորհրդատվություն ծնողներին` ուղեցույցի տեսքով, որը օգնություն է` ինչպես ճիշտ խնամել բույսերը:

Գարնան սկզբին` Գոհար Հովհաննիսյանը իրականացրեց նախագիծ, որի նպատակն էր տնկել 109 վարդ, որում մենք մեր ակտիվ մասնակցությունն ունեցանք: Արևելյան դպրոցի հարակից բակում սովորողները տնկելով 6 վարդ` վարդերի թիվը դարձրին 73: Վարդատունկի ժամանակ սովորողները տնկեցին վարդեր, ջրեցին և տեղեկացան վարդի խնամքի մասին:

Սովորողները ձեռք բերեցին տարրական հմտություններ ` ինչպես աշխատել բույսերի հետ: Իմացան դրանց նշանակության մասին: Ծանոթացան բույսերի տնկման հերթականությանը, զարգացավ բառապաշարը, որը կիրառվեց նաև առօրյայում:

Համագործակցային աշխատանքն արդյունավետ էր, քանի որ առաջին հերթին խմբում ձևավորվեց միմյանց օգնելու, խրախուսելու և աջակցելու մթնոլորտ: